Բեյրութի նավահանգստի շրջանում ավելի քան 4 տոննա ամոնիումի նիտրատ է հայտնաբերվել

Լիբանանյան բանակի զինծառայողները մայրաքաղաք Բեյրութի նավահանգստի մուտքի մոտ գտնվող մաքսային պահեստում ավելի քան 4 տոննա ամոնիումի նիտրատ են հայտնաբերել:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին հինգշաբթի հայտնել է արաբական երկրի բանակի մամլո ծառայությունը:

«Ինժեներական ուժերի հատուկ ստորաբաժանումները մաքսային վարչության խնդրանքով նավահանգստի տարածքից դուրս՝ մուտքի մոտ գտնվող պահեստում պահվող նյութերի ստուգում են անցկացրել, ինչի արդյունքում 4 տոննա 350 կգ ամոնիումի նիտրատ է հայտնաբերվել», — ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ զինվորականները նախազգուշական միջոցառումներ են ձեռնարկել, կազմակերպվում է քաղաքից պարկերի դուրս բերման գործընթացը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի պատճառը նախնական տվյալներով ամոնիումի նիտրատի հսկայական պահեստում տեղի ունեցած բռնկումն է եղել: Հզոր պայթյունի հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել, հազարավորները՝ վիրավորվել, հարյուր հազարավորները՝ մնացել առանց տանիքի: Զոհերի թվում 13 հայ է եղել, որոնք Լիբանանի տարբեր շրջանների բնակիչներ էին: