Արտակարգ դրությունը չի երկարաձգվի. նախագիծը ընդունվեց առաջին ընթերցմամբ

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին օրենքներում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» առաջին նախագիծը, որի ընդունման արդյունքում սեպտեմբերի 11-ից հետո արտակարգ դրությունը չի երկարաձգվի:

Այսպիսով` նախագծին կողմ քվեարկեց 80 պատգամավոր, դեմ` 28: Հայտնենք, որ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններն ավելի վաղ հայտարարել էին, որ նախագիծն անընդունելի է, քանի որ իր մեջ հակասահմանադրական դրույթներ է պարունակում՝ կապված մարդու իրավունքների հետ, և «կարանտին» բառը մտահոգությունների առիթ է տալիս:

Նշենք, որ նախագիծը ներկայացրել էր արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը, որը հայտնել էր, որ եթե կառավարությունը կիրառի կարանտին, կարող են կիրառվել նաև ավելի խիստ միջոցառումներ, մասնավորապես, հավաքներ կամ հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումներ, իրավաբանական անձանց գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների սահմանում, ապրանքների փոխադրման սահմանափակումներ, կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումներ:

«Առաջարկվող օրենսդրական փաթեթը հիմնականում պահպանել է այժմ կիրառվող սահմանափակումների որոշ հատվածը, էլեկտրոնային հսկողության համակարգի միջոցով անձանց տեղորոշում այլևս չի կիրառվելու, այդ տվյալները սահմանված կարգով ոչնչացվելու են: Իրավաբանական անձանց գործունեության մասով տնտեսական գործունեության դադարեցման հնարավորություն նախատեսված չէ, այլ նախատեսված է միայն անվտանգության կանոնների սահմանում և սահմանափակումներ, և միայն բացառիկ դեպքում, երբ կոնկրետ իրավաբանական անձը կլինի տարածքի վարակի աղբյուր, հնարավոր է կարանտին հայտարարել նաև այդ հատվածում»,-ասաց նա: