ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. Հունաստանը եւ Թուրքիան պայմանավորվել են «տեխնիկական բանակցություններ» սկսել

Հունաստանը եւ Թուրքիան պայմանավորվել են սկսել «տեխնիկական բանակցություններ», որոնք ուղղված կլինեն Միջերկրական ծովի արեւելքում ռազմական միջադեպերի ռիսկերի նվազեցմանը: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթնբերգը:

Նա ասել է, որ զրուցել է Թուրքիայի եւ Հունաստանի ղեկավարների հետ, որոնք լարված առճակատման մեջ են՝ տարածաշրջանում նավթի եւ գազի հետախուզման իրավունքների շուրջ:

«Հունաստանը եւ Թուրքիան հարգված դաշնակիցներ են, եւ ՆԱՏՕ-ն խորհրդատվության կարեւոր հարթակ է բոլոր այն հարցերի շուրջ, որոնք ազդում են մեր ընդհանուր անվտանգության վրա»,- ասվում է հայտարարության մեջ: «Ես սերտ կապի մեջ եմ բոլոր շահագրգիռ դաշնակիցների հետ՝ լարվածությանը ՆԱՏՕ-ի համերաշխության ոգով լուծում գտնելու համար»: